Thursday 18 December 2014

Լեգենդներ տոնածառի մասին.(Մաս 2)

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Սբ. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի:
Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը:

Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով:
Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:
Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինելլ: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: Որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին:
Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:
Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Սբ. Ծննդյան տոնակատարությանը:
Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Սբ. Ծննդյան Տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի: